ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Հինգշաբթի, 25.04.2024, 23:02
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ [10]
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [32]
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ [11]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ [21]
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ [17]
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ [10]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ [1]
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ [3]
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ [2]
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ [11]
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ [15]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ [21]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ [11]
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ [ Ավելացնել հոդված ]

ԱՏՈՒՄ ԵՄ
ԱՏՈՒՄ ԵՄ

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ ա՛յն քողարկված մենատնտեսին,-
Նրա՛ն ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար,
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում …

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ - փուսիկությունը,
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի՛ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է … ցած առաստաղից։

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում …

Ա՛յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա՛յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա՛յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի …

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո՛չ միտք է ծնվում և ո՛չ էլ զավակ։
Եվ լույս եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք …

Ինչ խոսքեր ասեմ այն ձեռագրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է,
Ատե՞մ, թե խղճամ այն տարեգրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում։
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագրին,
Որ միշտ ապրում է … իր հայրենիքում …

Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի …

25-26.05.1957թ.
Մոսկվա
Հոդվածների Խումբ: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ | Ավելացրել է: root (08.03.2010)
Դիտումներ: 8262


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024