| Աստղերը մի օր լուսնյակին ասին. - Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին.
 Բանաստեղծները լուսնոտի նման,
 Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման…
 Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ...
 Եվ լուսինն ասաց.
 - Մրջյունն էլ է շատ,
 Այնինչ առյուծը մի ձագ է ծնում,
 Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ,
 Աշխարհում լավը միշտ քիչ է լինում,
 Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար,
 Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։
 Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից,
 Տեսե՛ք աղբյուրն էլ աղի ծովի հետ
 Ծնվում է մի մոր անմահ ակունքից,
 Բայց նա է ցրում ծարավներն հավետ,
 Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ,
 Բայց, նա է ցրում խավարն անընդհատ,
 Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝
 Անթիվ աստղերդ, այն էլ դարերով...
 Ինչ որ մի հատիկ արևը կանի՝
 Չեն կարող անել աստղերն անհունի։
 |