ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Երեքշաբթի, 25.07.2017, 19:32
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 13272


Page Rank

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » Մշակույթ - ՊԱՐԵՐ [ Ավելացնել հոդված ]

Ծիսական Պար եւ Պարադից

Այս յօդուածաշարի մէջ կներկայացնենք հայկական մի քանի ծիսական պարերի անուանումների լեզուական եւ մշակութաբանական ծագումը, նաեւ կներկայացնենք ի՞նչ խորհուրդ ունի պարը հայ ժողովրդի մշակոյթի մէջ:

Հայ ազգային մշակոյթի, հայոց լեզուի, հոգեւոր եւ նիւթական մի շարք արժէքների ազգային պատկանելիութեան իրաւունքի պաշտպանութիւնը միջազգային ասպարեզում շատ յաճախ դառնում է խնդրահարոյց: Հայ ազգային մշակոյթին պատկանող այս կամ այն արժէքի միջազգային ճանաչման միջոցով, մեր հարեւան ժողովուրդների կողմից փորձեր են արւում սեփականացնել մեր մշակութային արժէքները, յենուելով նաեւ բառերի ծագումնաբանական աղաւաղումների վրայ: Հայ մշակոյթի շուրջ կատարուող միտումը ամբողջովին խախտում է տարածաշրջանում մի շարք մշակոյթային արժէքների բառակազմական, լեզուական պատկանելիութիւնը, պատմական եւ մշակութային գաղափարախօսական հենքը, որն էլ իր հերթին հնարաւորութիւն է տալիս մեր հարեւաններին մշտապէս խախտել հայ ազգային մշակութային արժէքների հեղինակային իրաւունքները միջազգային ասպարէզում: Մեր նպատակն է սոյն յօդուածաշարի միջոցով մեր մշակոյթային գործիչներին իրազեկել հայոց լեզուի, հայ լեզուամտածողութեան նաեւ ծիսական ժառանգութեան մասին, որի միջոցով վստահաբար կարելի է վերահաստատել հայ մշակութային արժէքների ծագումնաբանութիւնը՝ լրացուցիչ հնարաւորութիւն ստեղծելով աւելի յստակ ներկայացնելու եւ պաշտպանելու հայ ժողովրդի ստեղծած նիւթական եւ ոչ նիւթական ազգային մշակութային արժէքների հեղինակային իրաւունքը, ինչպէս տարածաշրջանում, այնպէս էլ միջազգային ասպարէզում:

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ Միջնաշխարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Արցախ, Սիւնիք, Վասպուրական, Տուրուբերան եօթ աշխարհներով: Հայկական լեռնաշխարհի մի մասն ընդունուած է անուանել Պար. եթէ ուշադիր դիտենք հայոց աշխարհի քարտէզը, ապա կտեսնենք, որ Հայկական բարձրավանդակում, հայոց լեռները շուրջպար են բռնել Այրարատ աշխարհի կամ հայոց միջնաշխարհի շուրջ: Այսինքն, Հայոց լեռները նման են մի Արեւխաչի, որի ճառագայթները ութերորդ աշխարհից փռուած են եօթ լեռնագագաթներին կամ եօթ աշխարհներին, իսկ մէջտեղում Արեւխաչի գունդն է Սերմանց եւ Նպատ լեռների տեսքով:

Հայկական պարը կամ պարարուեստը, ինչպէս Հայկական բարձրավանդակը տարածաշրջանում, եզակի է, Հայկական պարը եւ Հայկական բարձրավանդակը փոխկապակցուած են, այդ կապն է, որ Անանիա Շիրակացին ցուցադրում է մեզ:

Որպէսզի կարողանանք առաւել հիմնաւորել որոշ պարերի էթնիկական պատկանելիութիւնը, ներկայացնենք մեր տեսակէտը, որը հիմնւում է հայոց մշակոյթի, պատմութեան ստուգաբանութեան, ինչպէս նաեւ միջանկեալ այլ փորձագիտական նիւթերի վրայ: Համանման մօտեցմամբ հնարաւոր է վերջնականապէս ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր էթնոտեսակի ստեղծած նրբագեղ շարժումներով, հիմնականում դէպի աջ գնացող «երկուս գնա, մէկ արի» գործողութիւնները եւ այդ գործողութիւնները նոյնացնել մեր ընկալումներում, որպէս «պար» յայտնի երեւոյթի հետ:

Դեռեւս հազարամեակներ առաջ, մեր նախնիները Հայկական լեռնաշղթան նկարագրելիս, այն անուանել են Հայկական Պար: Հայկական Պարը ձգւում է Մեծ Մասիսից դէպի արեւմուտք: Իսկ աշխարհագրական դիրքը ներկայացնելիս, ներկայացրել են, որպէս եօթ երկրային լեռների պար, այդ լեռներն են` Պարխար, Արագած, Մասիս, Վարագ, Կորդուք, Սիմ, Գրգուռ լեռները, որոնք կազմում են պարիսպ, որի մէջ է ութերրորդ Աստուածայինը` Ծաղկանց կամ Բիւրակն լեռներն՝ իրենց Նպատ եւ Սերմանց լեռնագագաթներով: Բիւրակն լեռնաշղթայի երկգագաթ Սերմանց եւ Նպատ գագաթները համարւում են Երկնքի յենարանն ու երկրային ջրերի, չորս գետերի, ակունքը; Սերմանց լեռնագագաթից են բխում Եփրատ ու Արաքս (Փիսօն) գետերը, որոնք Սերմանց լեռնագագաթից իրենց հետ բերում են երկրային կեանքի սերմերը: Նպատ գագաթից բխում են Տիգրիս ու Արածանի (Գիհոն) գետերը, Տիգրիս եւ Եփրատ գետերի հովիտում, որն ընդունուած է անուանել Միջագետք, ըստ հայոց եւ այլ ժողովուրդների աւանդապատումների, գտնւում է Պարադիզը` Դրախտը:

Ներկայացնենք «պար» բառի կազմութիւնը. «պար» բառը կազմուած է «ա» ձայնաւորից «պ» եւ «ր» բաղաձայն հնչիւններից:

«Պար» երեւոյթի իմաստաբանական բացատրութիւնները Հայկազեան Լեզուի Նոր Բառարանում եւ Հրաչեայ Աճառեանի Արմատական Բառարանում տալիս են հետեւեալ պատկերը:
1. պար- ցոյց է տալիս` դաս պարողաց եւ գունդ եւ գումար դասաւորեալ յօր եւ է կարգի հանդէս
2. պար- ցոյց է տալիս` պարք, պարս, բոլորումն, այսինքն` ունի հաւաքականութիւն իմաստը
3. պար արկանել- ցոյց է տալիս` շուրջ պատել, պարապնդել, պարունակել, բովանդակել, շուրջ փակել իւր մէջ, այսինքն` շրջանի միջոցով հաւաքել:
4 . պար- ցոյց է տալիս `շարք իրաց, որի իմաստն է` իւրայինների շարք
5.պար առնուլ- պարել, պար բռնել
6.պար-աստղերի շրջան
7. պար-պարս-նշանակում է բազմութիւն, մեղուների խումբ, կամ մարդկանց խումբ պարս (իկ) :

Հայկազեան լեզուի բառարանում «պար» բառը բացատրւում է շատ պարզ. աստղերի շրջան, աստղերի պար` «հոյլք աստեղաց եւ շրջաբերութիւն նոցա», «այսօր ցնծան երկնայիքն եւ պար առեալ ի բարձունս երգեն», «լուսինն ի տիպ լուսոյ ստեղծեալ եւ աստեղաց պար յօրինեալ»: Այսինքն, «աստեղեաց պար» նշանակում է «լուսաւորեալների պարը»:

Անդրադառնանք «պարադիզ»՝ այսինքն «դրախտ» բառին. «պարադիզ» բառի մէջ ակնյայտօրէն տեսանելի են «պար» եւ «դիզ» արմատները: «Պարադիզ եւ պարադից» բառերի մէջ տեսանելի է «զ» եւ «ց» հնչիւնային անցումը, այստեղ շեշտենք միայն «զ» եւ ց» տառերի անցման օրինաչափութիւնը եւ անդրադառնանք բառի բուն խնդրին, որտեղ «պարադից» բառը կազմուած է «պար» բառից, «ա» յօդակապից եւ «դից» բառից: «Պար-ա-դից» ուղղակիօրէն նշանակում է «դիցերի կամ աստուածների պար», այստեղից ակնյայտ է դառնում, որ «պար» եւ «դից» բառերը աւելի վաղնջենական ծագում ունեն եւ ուղղակիօրէն կապուած են մեր լեզուամտածողութեան հետ: Սրանից հետեւում է, որ «պարադից» բառը ծնուել է ուղղակիօրէն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում, այն Դիցերի աստղային պարն է:

«Պարադից» բառը սանսկրիտում յայտնի է Paradihi, paradc, գերմաներենում՝ Paradies, անգլերեն լեզուում՝ – Paradeis, իսկ ռուսերենում՝ Parad (շքերթ) ձեւերով եւ իմաստներով: Յատկանշական է, որ բուն հայկական արմատ ունեցող «պար» եւ «դից» երկու բառերից ստեղծուեց «պարադիզ», այսինքն՝ «դրախտ» նոր բառը, որը իր ստեղծման պահից մինչեւ այսօր, համարւում է մարդու եւ աստուածների յարաբերութեան գագաթնակէտը: Ամենայն հաւանականութեամբ «պարադից» եզրաբառը հայերէն լեզուի գործառոյթից դուրս է մղուել քրիստոնէութեան ընդունումից յետոյ, իսկ փոխարէնը գործառոյթի մէջ են մտել «դրաստ» կամ «դրախտ» տարբերակները:

Այս հակիրճ շարադրութեամբ փորձեցինք ամբողջական ներկայացնել «պար» երեւոյթը եւ «պար» բառի մշակութային նկարագիրը, ինչպէս նաեւ «պար» եւ «դից» բառերի արմատների փոխյարարբերութիւնը գաղափարախօսութեան մէջ, որի արդիւնքում ծնուեց ամենագեղեցիկ աշխարհի գաղափարը` Պարադիցը:



Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան
կրթութեան եւ գիտութեան յանձնախումբի պատասխանատու

07.10.2013 թ.
Հոդվածների Խումբ: Մշակույթ - ՊԱՐԵՐ | Ավելացրել է: admin (20.10.2013) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 1401


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2017