ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
 
Չորեքշաբթի, 24.04.2024, 17:47
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր Մենյու
Հոդվածների Խումբ
Մհեր դուրս եկավ էն Վանա Քարեն [8]
Մշակույթ - ՊԱՐԵՐ [5]
ՄՇԱԿՈՒՅԹ [2]
Փոքր Չաթ
Հարցում
Գնահատեք կայքը
Պատասխաների քանակ: 15807


Page Rank

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » Հոդվածներ » ՀԱՅ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ » Մշակույթ - ՊԱՐԵՐ [ Ավելացնել հոդված ]

Հայկական պարի տեսակները`գյոնդ , գյովընդ, գյովենդ, գովընդ
Հայկական պարի տեսակները համակարգել, նկարագրել են` Սրբուհի Լիսիցեանը, Հայրիկ Մուրադեանը, Մկրտիչ Սարգսեանը եւ այլ նշանաւոր բանահաւաք ազգագրագետներ: Սրբուհի Լիսիցեանը, որին անուանել են պարարուեստի, պարագիտութեան Կոմիտաս, կազմել եւ գրառել է հայ ազգագրական պարի մի մեծ համակարգ: Ըստ Լիսիցեանի, Հայ ազգային պարը ունի 20 տարատեսակ, որոնց մէջ առանձակի տեղ են զբաղեցնում ծիսական պարերը, նուիրուած տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերին, բնութեան, ծնունդի, թագադրման, ռազմական, աստուածային երեւոյթներին: Ծիսական պարերը երգեցողութեան եւ որոշակի հերթականութեամբ կրկնուող շարժումների միասնութիւն են, որոնք տուեալ պարի միջոցով արտայայտում էր ծէսի պարի հիմնական գաղափարը եւ փորձ էր արւում այդ ծէսի միջոցով ապահովել տաճարների, վանքերի, կամուրջների, ամրութիւնն ու կայունութիւնը: 
Ծիսական պարի մէջ քայլի ուղղութիւնը խիստ կանոնակարգուած է, այն պարի մէջ ունի հիմնականում աջ գնացող եւ աճողական կառուցուածք: Ծիսական պարերը իրենց հերթին բաժանւում են ենթախմբերի, որոնց մէջ այս յօդուածի շրջանակներում առանձնացնում ենք չորս ծիսական պար. երեք ռազմական՝ Ռուստամ Բազի, Յարխուշտայ, Քոչարի եւ հարսանեկան «գյօնդ», որոնք առ այսօր կատարւում են:
Ադրադառնանք Գյոնդ պարի մշակութաբանական խնդիրներին. այն հիմնուած է, երկրաչափական «արեգակ», «կրակ», «կլոր շրջան» հասկացութիւնների վրայ, ունի իր ծիսական կանոները եւ առանձնայատուկ է հայ ազգագրական պարի մէջ: Գյոնդ պարը հիմնականում պարում են փակ շրջանով, կայ նաեւ բաց շրջան, որտեղ պարը գլխաւորում է կարմիր կամ սպիտակ թաշկինակով առաջատարը՝ պարագլուխը կամ պարբաշին, եւ ունի պարի վերջը պահող պարողը՝պարապոչը: Գունդ, գյոնդ, գեոնդ, գիւնդ հարսնեական ծիսական պարը ներկայացնում է կեանքը՝ կազմուած չորս մասից, ներկայացուած չորս փակ շրջանների օգնութեամբ: Ամուսնական ծիսակարգի կենտրոնական պարը կապւում է «կրակ-արեւ-վառուող խարոյկ» հասկացութեան հետ եւ նոր սերնդի ստեղծման խորհուրդը ունի, որը կապւում է վահագնածնունդի խորհրդի հետ: Հայոց Աշխարհի տարբեր շրջաններ ունեցել են «գյոնդի» պարային ոճի իրենց տարբերակները: Համշէն եւ Համշէնահայութիւն գիտաժողովի (Երեւան – Պէյրութ, 2007 թ.) նիւթերում շատ ուշագրաւ է ներկայացուած Համշենահայերի «գյոնդը»:  «Մեր բարերը առընգէղ բարեր են, այսինքն` առինքող, առինքնող` հմայիչ, գրաւիչ պարեր են» ասում են համշենցիները: Պար եզրաբառը համշէնցիների բարբառում գործածւում է Բար արտասանութեամբ:
Սրբ. Լիսիցեանը պար-բար եզրաբառը կապում է նաեւ բառացիօրէն բարեւ, բարիք կամենալու` Բարեւելու, հարսանիքի, հղիության պտղաբեր, բարիքով, բարօրութիւն ցանկանալու հետ: Գյոնդի բռնելաձեւերից մէկը կոչւում է բարեւ բռնել, ձեռք- ձեռքի տալ, բարեւի միջոցով իրար են հաղորդել բարին, բարիքը եւ պարել են իրենց գլօր փակ բարերը:
Համշենահայերի մօտ «գյոնդ» պարին մասնակցելու ժամանակ պարի ղեկավարը կամ մէկ այլ յարգուած անձ խստօրէն յայտարարում էր, որ պարի ընթացքում ոչ ոք իրաւունք չունի դուրս գալու գյոնդից եւ իրաւունք չունի մտնելու գյօնդի շրջան: Եթէ որեւէ մէկը փորձեր խանգարել պարը անտեղի շարժումներով ու բացականչութիւններով կամ անցներ պարաշարքի ետեւը, ապա դա դիտւում էր որպէս անյարգալից վերաբերմունք պարողների եւ պարի նկատմամբ, խախտում կատարած անձը ենթարկւում էր պատասխանատուութեան: Եթէ ծիսակարգ խախտողը կին էր, նրան ուղղակի հանում էին պարաշարքից, ապա եւ` պարատեղից: Եթէ ծիսակարգ խախտողը տղամարդ էր, կապում էին ձեռքն ու ոտքը եւ մեկուսացնում այնքան ժամանակ, մինչեւ ներում խնդրէր եւ խոստանար այլեւս չխանգարել: Պարը չիմանալով պարաշարքի մէջ մտնելը եւս համարուել է խանգարելու փորձ եւ պատժւել է, իսկ հասարակութիւնը խանգարողին համարել է անհաւասարակշիռ մարդ եւ դադարել յարգել նրան: Գյոնդ հարսանեկան ծէս պարը ունի խիստ արարողակարգ, հարսանիքի ընթացքում Գյոնդ պարը բոլորուել է չորս անգամ: Առաջինը պարել են հարսի տանը, հարսի հոր տան թոնրի շուրջ: Գյոնդի երկրորդ շրջանը պարել են, երբ հարսին արդեն տանից հանել են, որտեղ աւարտուել է հարսի կեանքի առաջին ծիրը, որտեղ եւ հարսը թոնիրից իր հետ վերցրել է «մի բուռ մոխիր» որպէսզի տանի ամուսնու տուն: Երրորդ շրջանը կատարուել է փեսայի տան կրակի կամ թոնիրի շուրջ, որտեղ հարսը հոր տանից վերցրած մոխիրը աննկատ լցնում է, աւելացնում եւ խառնում է փեսայի տան կրակի մոխիրին:  
Գեոնդի չորրորդ եւ վերջին շրջանը`Հայսին բարը կատարւում է հարսանիքի վերջում: Հարսանիքի մասնակիցները կապում են գլօր շրջանը` Գյոնդի Հայսին բարը, իւրաքանչիւր մասնակից իր ձեռքում պահում է մի-մի վառուած մոմ: Պարին իրաւունք ունեն մասնակցելու միայն զոյգերը, երկու կողմի ծնողները, ամուսնացած քոյրերն ու եղբայրները, ապա` մնացած հարազատները զոյգերով: Ըստ կարգի՝ Քաւորն ու Քաւորկինը բոլորի հետ միասին հանդիսաւոր կերպով բազմածիր են կազմում եւ հրաւիրում հարսին ու փեսային, հարսը պարաշրջան է մտնում արդէն երեսը բաց: Ամուրիներին ու այրիներին արգելուել է մասնակցել հարսանեկան ծիսական`Հայսին բար գեոնդին: 
Գեոնդի`Հայսին բարը պարից հետո հարս ու փեսային ճանապարհում են ամուսնական առագաստ` կեանքի նոր Ծիր: Այդ ծիսակարգից հետո Փեսան համարուել է հասուն տղամարդ, իրաւունք է ստացել ցօրեն ցանելու, տղամարդկանց հասարակական հաւաքներին մասնակցելու:
Անդրադառնանք «գյոնդ» բառի լեզուական խնդիրներին եւ ներկայացնենք գյոնդ բառի ընդունուած ստուգաբանութիւնը հայերենում: Հրաչեայ Աճառեանը իր Հայերեն Արմատական Բառարանում «գունդ» բառի ստուգաբանութիւնը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակութիւնները, օգտուելով նաեւ հայոց տարբեր տարածաշրջանների գաւառական բարբառներից: Մի քանի բարբառներում «գունդ» բառը հնչում է.
1. գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդ: «Գունդ» բառի առաջին եւ հիմնական նշանակութիւնն է՝ արեւի կամ լուսնի գունդ, երկնակամար,
 2. գունդ - խմորի կունդ, գունդ
3. գոնդ- գեօնդ -գօնդ-կօնտ-անիւ, գլուխ
4. գունդ-բանակ, բազմութիւն, մարդկանց, մեղուների խումբ: Հայկազեան բառարանում հանդիպում ենք նաեւ «գունդ-գնդո-գնտոյ- գնդի-գնդիւ-գնդաւ» գրաբարեան տարբերակներին:
Այսինքն՝ «գյօնդ» բառը ունի նաեւ արեգակի-կրակի-լոյսի-կեանքի շրջանի նշանակութիւն: Նշանակում է «գիւնդ- գունդ- կոնդ – գիւնդ» բառերը ունեն մէկ արմատ, որն է ` գունդ: Գունդ-գյօնդ- գոնդ - գովընդ-գօվենդ բառերը հոմանիշներ են առաջացած «գունդ» բառից եւ իմաստային առումով նոյնացւում են:
Հայոց բարբառներում Գյօւենդ կամ Գյօւընդ բառը նոյն «գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդէ» բառի բարբառային տարբերակն է: (Հայլեզբրբբառ ԱՅ, 2001. 270b): Տիպական ու կարեւոր բարբառներում հենց «գովընդ» ձեւով ունենք` «Սասուն գովընդ» (Պետոյեան 1965. 457) եւ «Մոկս գյօվընդ» (Орбели 2002. 217):
Հայերէնի բարբառներում այս պարանունը հայերեն «գունդ» բառից է սերել, պէտք է նկատի ունենանք, որ հին հայերեն գ-ն, թէ՛ Սասունում եւ թէ՛ Մոկսում ու Վանի խմբի միւս բարբառներում օրինաչափօրէն ձայնազրկւում է ու դառնում «կ»: «Գունդ» բառը Մոկսում ու Վանում դարձել է կիւենդ (տես Աճառեան 1952. 254): Այսպիսով ակնյայտ է դառնում, որ «գովընդ» բառը ծագել է «գունդ» բառից է եւ աւելի յստակօրէն է մատնանշում հայերէնի բարբառային ծագումը: Քրդերէնում gōvand կոչուող պարաձեւից բացի կայ եւ gōband-ը`«շուրջպար» պարաձեւը, որը գրւում է «b» տառով, gobend / gōband: Որտեղ «gō» նշանակում է «շրջան», իսկ «band»- կապել, այսինքն` շրջան կապել: Այս օրինակից ակնյայտ է դառնում, որ քրդերէնում gōvand-ը նոյնպէս նոյնացւում է երկրաչափական կլոր շրջան եւ գունդ հասկացութեան հետ: Ուստի կարող ենք հաստատել, որ քրդական կամ եզդիական gōvand բառը եւ պարը փոխառնուած են հայ ժողովրդի վաղնջական լեզվամտածողութիւնից եւ մշակոյթից:
 

Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան
կրթութեան եւ գիտութեան յանձնախումբի պատասխանատու

18.09.2013 թ.
Հոդվածների Խումբ: Մշակույթ - ՊԱՐԵՐ | Ավելացրել է: admin (20.10.2013) | Հեղինակ: Կարինե Հայրապետյան
Դիտումներ: 3082


Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ՄՈՒՏՔ
Լոգին:
Գաղտնագիր:
Որոնում
ԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՇՎԻՉՆԵՐ

Օնլայն Մասնակիցներ 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0

Copyright Ուսում.org © 2024